Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան: ՀՀ Նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտին ստորագրվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կյանքի կարևորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները: Նախագահի խոսքով, բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել առևտրատնտեսական հարաբերություններին ևս: Երկուստեք ընդգծվել է, որ չնայած վերջերս նկատվում է դրական տեղաշարժ, սակայն տնտեսական կապերի ամրապնդման ներուժը դեռևս լիարժեքորեն չի օգտագործվում: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը ևս: Անդրադառնալով Նախագահ Բերդիմուհամեդովի հետ միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկմանը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ միջազգային օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ Հայաստանի և Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանությունը միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցության լավ հիմք է: «Մենք, իհարկե, նաև քննարկեցինք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ հարցեր: Ես Թուրքմենստանի Նախագահին ներկայացրեցի, թե ինչպիսին ենք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապես հնչող ռազմական հռետորաբանությունը և սպառազինության աննախադեպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրահեղ լարված իրավիճակ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը. ճգնաժամերը և հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, որոնք մի ամբողջություն են կազմում: Միջազգային հանրության կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, պետության տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունը: Միայն այսպիսի մոտեցումն է ապահովում արդար և երկարաժամկետ լուծման հասնելու հնարավորությունը»,-ընդգծել է Հայաստանի Նախագահը: Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Թուրքմենստանի նախագահը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և մի շարք ոլորտներում` մեքենաշինություն, էլեկտրոնիկա, դեղագործություն, գյուղմթերքի արտադրություն և այլն, համագործակցության հեռանկար է տեսնում: Այսօր երեկոյան Թուրքմենստանի Նախագահի անունից` ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք:
Աշգաբատի «Սապարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատև զրույց են ունեցել:
Այնուհետև Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահները երկկողմ բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Սերժ Սարգսյանը խոսել է ստորագրված փաստաթղթերի կարևորության մասին, նաև նշել, որ Թուրքմենստանի Նախագահի հետ քննարկել են հայ-թուրքմենական հարաբերությունների արդիական հարցեր, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
1266 0




