Կրակոցներ են հնչել Տիգրան Մեծ փողոցում
Այսօր` նոյեմբերի 24-ին, ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց կրակոցներ են հնչում: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Էրեբունի բաժնի աշխատակիցները` Էրեբունի շրջանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի, նրա օպեր գծով տեղակալ Միհրան Քեշիշյանի ղեկավարությամբ: Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանը, ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 պարկուճ, որից մեկը եղել է ինքնաձիգի, մյուս երեքը` ատրճանակի: Առգրավված պարկուճները ուղարկվել են փորձաքննության, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչ հրազենից են արձակվել կրակոցները: Այս պահին որեւէ հիվանդանոցից ահազանգ չի ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված լինի հրազենային վնասվածքով որեւէ քաղաքացի: Դեպքի հանգամանքները պարզվում են ոստիկանության Էրեբունու բաժնում:
1404 0




